ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ամեն տարի՝ մարտի 1-ին

Ամեն տարի՝ մարտի 1-ին
01.03.2026 | 13:57

Ծեգը ծեգին զարթնում էինք ոտքերի արտասովոր քստքստոցի ձայներից և օդի մեջ տարուբերվող ինչ-որ ստվերների շարժից։ Քնաթաթախ, քնակոլոլ շուռումուռ էինք գալիս` դեռ չհասկանալով ինչ է կատարվում...

Տան բոլոր դռները կրնկի վրա բաց էին։ Այաս մի շոր վերցրած` սենյակների անկյուններից, կենտրոնից, պատուհան-դռների արանքներից ինչ-որ անտեսանելի բաներ էր քշում դեպի դուրս ու ցածր-երգաձայն, որ, իբր, մեզ չարթանացնի, ասում` շվիկ, շվիկ, գնա, բարի լուրեր` եկեք... շվիկ, շվիկ, գնա, բարի լուրեր` եկեք... ՈՒ ինքն իր համար քրթմնջում` որը բարին ա, թող էն կատարվի...

Երբ առաջին անգամ այդ արարողությանը ներկա եղա Սիսիանի եկեղեցու թաղի մեր տանը, մի տեսակ տարօրինակ զգացողություն համակեց` «Այաս շեղվել է իրական հավատքից»-մտածեցի, որովհետև գյուղում ապրելու ժամանակ երբևէ նման բան չեմ տեսել։ Բայց չէ, Այաս մինչև կյանքի վերջ (ապրեց 93 տարի) անխախտ մնաց իր հավատի մեջ։

Գարնան գալը Այաս այդպես էր դիմավորում` տնից քշում-հանում էր հին, հոգնած տրամադրությունները, երկար ձմեռվա ծանր խոհերը և խանդավառ, նորոգ հույս ու հավատով դիմավորում գարունը որպես վերապրումի, պայծառության ու զարթնումի շքահանդես։

Շվիկները, հավանաբար, տան ոգիներն էին, ու, ենթադրում եմ, որ Այաս սովորել էր Եկեղեցու թաղի մեր հարևան նախիջևանցի Զարուհի տատից, որովհետև մեզ համար անծանոթ, անհայտ երևույթ էր։

Մենք էլ սովորեցինք Այայիս նման ամեն գարնան առաջին օրը տնից հանել շվիկներին, ու նրա նման ասել` թող բարին կատարվի։

Պատահել է, որ օրվա մտքերից ու հոգսերից ծանրացած` մարտի 1-ին երբեմն մոռացել ենք «շվիկները հանել» ու երբ առավոտյան բարի լույսով խոսել ենք միմյանց հետ, առաջին բանը, որ հարցրել ենք իրար, եղել է` շվիկները հանե՞լ ես...

Հին ու բարի օրերի հանգույն` առավոտյան հանեցի մեր տան շվիկները, ու սառը օդի հետ մաքուր, ավետաբեր մտքերը, ջերմ զգացողությունները, տաք հուշերը սպասված հյուրի նման լցվեցին մեր տուն։

Հանեք ձեր տների, ձեր սրտերի, ձեր մտքերի ,,հոգնած շվիկներին,, և նրա տեղը թող լցվեն գարունը, բարին, հույսը, հավատը, սերը։

Օ, գարնանամուտ, ո֊նց եմ սիրում քեզ։

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

Դիտվել է՝ 5469

Մեկնաբանություններ